Մի քանի հարյուր մարդու բողոքի ակցիաներն այն քաղաքական զանգվածը չեն, որը կարող է էապես փոխել Հայաստանում տիրող իրավիճակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով դեկտեմբերի 2-ին Երեւանում ՌԴ նախագահ Պուտինի այցի եւ Մաքսային միությանը միանալու Հայաստանի իշխանության որոշման դեմ:

Նրա խոսքով՝ այդ բողոքի ակցիաները Շանթ Հարությունյանի կազմակերպած ակցիայի շարունակությունն են: «Հասկանալի է, որ մի քանի 100 մարդ, որոնք դուրս են եկել բողոքի ռուսաստանյան պետական գործչի այցի դեմ, հայտնել են իրենց դիրքորոշումը: Բնական է, որ ոչ բոլորն են համաձայն Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության հետ»,-ասել է Մարկարովը՝ հավելելով, որ մյուս կողմից, դա խոշոր հաշվով, փոքրաթիվ ակտիվիստներ են, որոնք հասարակության մեջ մեծ աջակցություն չունեն: «Մենք իրադարձությունների այնպիսի զարգացում չենք սպասում, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում: Իսկ այն, որ ժողովուրդն ընդվզում է, դա ցույց է տալիս, որ մենք տարբեր տեսակետներ ունենք»,-ընդգծել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան: Նրա այցի ժամանակ Երեւանում բողոքի երթ է տեղի ունեցել, ոստիկանությունը բերման  ենթարկել մոտ 110 ցուցարարների, այդ թվում անչափահասների:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am