Քանի դեռ Երեւանին ոռոգման ջուր չի տրվել, Երեւանի քաղաքապետարանը որոշել է գարնանային տնկումների քանակը հասցնել նվազագույնի՝ ծառերի տնկման աշխատանքների հիմնական մասը տեղափոխելով աշնան սեզոն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ, Երեւան քաղաքի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանը՝ խոսելով մայրաքաղաքում իրականացվող գարնանային ծառատունկի մասին։

Նշելով, որ մարտի 15-ից սկսված եւ մինչեւ ապրիլի 15-ը տեւող գարնանային ծառատունկի ժամանակ քաղաքապետարանը Երեւանում նախատեսում է 4-5 հազար ծառ տնկել, նա տեղեկացրեց, որ հիմնական՝ 125 հա ընդհանուր տարածքով տնկումները նախատեսված են աշնանը. «Աշնանը՝ նոյեմբերին, ծառեր կտնկվեն Էրեբունի, Շենգավիթ եւ Աջափնյակ վարչական շրջաններում»,- ընդգծեց նա։

Ի պատասխան դիտարկմանը, թե Երեւանի Օրբելի փողոցում ծառեր տնկելու համար փորված փոսերը վաղուց աղբով են լցված, քաղաքապետարանի աշխատակիցը հանգստացրեց, որ մինչեւ գարնանային ծառատունկի ավարտը տնկիներ կդրվեն նաեւ քաղաքի այդ հատվածում։ Սուրեն Մաքսապետյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենք օրերս հասարակական մի շարք կազմակերպությունների հետ համատեղ Խորենացի եւ Զաքյան փողոցների հին, այլեւս անպիտան ծառերը հիմնովին արմատախիլ են արել, իսկ դրանց փոխարեն տնկել են նորերը. «Դրանք քայքայված եւ քամիներից տապալված ծառեր էին, որոնք ենթակա էին երիտասարդացման։ Ներկայումս արդեն իսկ ավարտված են Իսակով եւ Մյասնիկյան փողոցներում իրականացված նմանօրինակ աշխատանքները, իսկ այս շաբաթ Խորենացի փողոցը կհամալրվի 40 նոր տնկիներով»,- նշեց նա։

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին թե, Երեւանի քաղաքապետարանը ծառատունկ իրականացնելու համար որքա՞ն գումար է նախատեսել ծախսել այս տարի, ոլորտի պատասխանատուն տեղեկացրեց, որ ամբողջ տարվա կտրվածքով այդ գումարը կազմում է մոտ 5 մլն դրամ. «125 հա ընդհանուր տարածքով ծառատունկ իրականացնելու համար քաղաքապետարանն այս տարի կծախսի շուրջ 5 մլն դրամ. արդյունքում կտնկվի 4-5 հազար ծառ եւ 4 հազար թուփ»,- նշեց Ս. Մաքսապետյանը՝ ավելացնելով, որ ըստ վիճակագրության՝ նոր տնկիների ավելի քան 70 տոկոսը, բարեբախտաբար, չի վնասվում եւ չի չորանում։

Նշենք, որ ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի՝ «Երևանը բնապահպանապես խիստ ծանրաբեռնված բնակավայր է, որտեղ անբարենպաստ բնակլիմայական պայմանները, տրանսպորտային միջոցների խիստ ավելացումը, կանաչ տարածքների կրճատումը և այլ պատճառներ էական ազդեցություն են թողել շրջակա միջավայրի վրա։ Իրավիճակը թելադրում է հնարավորինս ընդլայնել բնապահպանական գործառույթներ իրականացնող կանաչապատ տարածքները (կանաչ գոտի, անտառապատ տարածքներ)` հասցնելով դրանք անհրաժեշտ նորմատիվային չափանիշների»։