Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը կայուն չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:
Վերջինս առավոտյան տեսակցել էր դերասանին, նա իրեն լավ էր զգում, թեեւ նախորդ շաբաթ առողջական խնդիրներ է ունեցել, այժմ դեղորայքով բուժվում է, օրակարգում այլ հիվանդանոց տեղափոխվելու հարց չկա:
Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ Վարդան Պետրոսյանի գործով քննիչ Հայկ Հակոբյանի արարքում պաշտոնական դիրքի չարաշահման խնդրով: Հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում Վարդան Պետրոսյանը՝ որպես վկա, հարցաքննվել է: Դերասանը, փաստաբանի փոխանցմամբ, ներկայացրել է քննիչ կողմից օրենքի խախտման բոլոր դեպքերը, որոնք տեղի են ունեցել եւ ասել է, որ կան ապացույցներ եւ ականատեսներ: Նա մատնանշել է մի շարք խախտումները, մասնավորապես՝ Վարդան Պետրոսյանի եւ նրա հարազատների ներկայությամբ քննիչի՝ «դեռասանը մեյմունություն է անում» արտահայտությունը, կասկածյալի հարցաքննության արձանագրության իբր կազմելը, որի մեջ ներկայացված փաստերը իրականության հետ աղերսներ չունեն, նաեւ նշել է այն, որ քննիչը ներկա չի եղել իրեն ձերբակալելիս, սակայն նշել է հակառակը: «Վարդան Պետրոսյանը նշել է նաեւ առանց պաշտպանի մասնակցությամբ իրեն հարցաքննելը, որը ՄԻՊ-ը դիտել է որպես օրենքի լուրջ խախտում, նաեւ այն, որ միջնորդություն մեջ արտացոլել է, թե հարցաքննել են, մեղադրանք են առաջադրել, սակայն նման արձանագրություններ չկան, փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն տրամադրվել եւ այլն»,- փոխանցեց փաստաբանը: Վարդան Պետրոսյանը բացատրության մեջ անդրադարձել է քննիչի՝ NEWS.am-ին տված հարցազրույցին, որում նա ասել է, թե դերասանը իրենից ներողություն է խնդրել, մինչդեռ նման բան չկա:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ պատրաստվում են դատարան հայց ներկայացնել պետության դեմ՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ խոշտանգման եւ անմարդկային վերաբերմունքի համար, քանի որ գտնվելով վատ վիճակում, նրան տարել են դատարան, որտեղ մասնակցելով գործողությունների, նրա վիճակը ավելի է վատացել եւ պատգարակով տեղափոխել են հիվանդանոց:
Անդրադառնալով տուժող Հակոբյանների փաստաբանների հայտարարություններին հաշտության տվյալ պահին անհնար լինելու մասին՝ Վարդան Պետրոսյանի փաստաբանն ասաց, որ իրենք հաշտվելու խնդիր չունեն, կռիվ, վեճ չի եղել, որ հաշտվենք: «Մենք ընդամենը առաջարկություն ենք արել, արդյոք իրենք պատրաստ են բացահայտել վթարի իրական պատճառը, թե ոչ, բանակցային գործընթացում եղել է առաջին հարցը՝ օբյեկտիվ ճշմարտությունը ուզում են պարզեն, թե ոչ, եթե համաձայն չեն, մյուս կետերին չենք անցնի,եթե համաձայն են, թող գտնեն կենտրոնը, դիմենք, վերականգնեն վթարի մեխանիզմը, փորձաքննություն տեղի ունենա, եւ որոշենք, որ երկու կողմերն էլ ընդունում են դա»,- ասաց նա:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, նախ եւ առաջ պետք է պարզել վթարի պատճառը, թե ով է եղել, ինչ է եղել, որովհետեւ երկու կողմերն էլ տարբեր բաներ են ասում վթարի տեղանքի, «Նիվայի» դիրքի մասին, իսկ օբյեկտիվ պատկերը պարզելուց հետո տեսնեն հաշտվելու խնդիր կա, թե պետք է նստել եւ բանակցել հետեւանքների շուրջ: Հանրությանը կներկայացվի վթարի մոդելավորման 3D տարբերակը, թե ոչ, կախված է տուժող կողմի դիրքորոշումից եւ մոտեցումից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:
Ինգա Մարտինյան



























