NEWS.am-ի հետ զրույցում ԵրեւանիԿոնստանտին Ստանիսլավսկու անվան  ռուսական  դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը պատմել է թատրոնի 2013թ. գործունեության եւ հետագա ծրագրերի մասին:

Ի՞նչ ներկայացումներ են բեմադրվել նախորդ տարում, ի՞նչ հաջողություններ է ունեցել թատրոնը:

Նախորդ տարի մենք շատ հետաքրքիր ներկայացում ենք բեմադրել՝ «Հրավիրված բանկետը»՝ Նիլ Սայմոնի համանուն պիեսի հիման վրա: Այն բեմադրել էր երիտասարդ դերասան եւ ռեժիսոր Երվանդ Ենգիբարյանը, ով, դժբախտաբար զոհվեց ավտովթարից: Ներկայացումն առայսօր բեմադրվում է: Երվանդի մեջ հոգեբանության նկատմամբ մեծ զգայունություն կար: Այն, ինչը նա ձգտում էր, բայց չէր կարողացել մատուցել նախորդ երկու ներկայացումներում, այս մեկում կարողացավ անել շատ համոզիչ եւ հետաքրքիր: Եվս մեկ անգամ շատ ափսոս, որ նա մեզ հետ չէ:

Վերջերս մեր բեմադրած ներկայացումներից էր Ալեքսանդր Օստրովսկու «Մարդաշատ վայրում» պիեսը, սակայն մենք խմբագրել ենք այն՝ ներկայացնելով «Ամենը վաճառքի» խորագրով բեմադրությամբ:

Թատրոնը երիտասարդ կադրերով համալրման խնդիր ունի՞:

Ես շատ ուրախ եմ, որ «Ամենը վաճառքի» ներկայացման մեջ, բացի մեր հիմնական դերասաններից, որոնք են Ֆրեդ Դավթյանը, Նիկա Սարոյանը, Էրվինը, ներգրավվել են շատ հետաքրքիր երիտասարդ դերասաններ, օրինակ՝ Արման Մեջլումյանը, որը նոր-նոր է ավարտել ինստիտուտը, եւ Նորա Գրիգորյանը, ով դեռ ուսանող է: Նա Մոսկվայի, ինչպես նաեւ մեր քննադատների կարծիքով, հիանալի է խաղում հերոսուհու դերն այդ ներկայացման մեջ:

Մի խոսքով, թատրոնը, ինչպես ասում են, ապրում, շնչում է: Այն ձգտում է հավատարիմ մնալ ռուսական ազգային թատրոնի ավանդույթներին. դա առաջին հերթին բարձր ճշմարտությունն է, հոգեբանական հավաստիությունը, վառ արտահայտչաձեւը:

Մեր գործունեության գնահատականն իր խոսքում  տվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում:

Մեզ համար հաճելի էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից լսել, որ ԱՊՀ-ի եւ Բալթյան երկրների տարածքում ռուսական լավագույն թատրոններից մեկը մեր թատրոնն է:  Դա բոլորն են խոստովանում՝  Մոսկվայում, Լենինգրադում, եւ մեզ մոտ՝ Հայաստանում:

Մենք վերջերս Մոսկվայում Երեւանի օրերի շրջանակում ռուսական մայրաքաղաքում էինք, եւ մոսկովյան թատերական հանրության, քննադատների եւ ռեժիսորների  բարձր գնահատականին արժանացանք:

2014թ. ի՞նչ ներկայացումներով կուրախացնի թատրոնն իր հանդիսատեսին:

2014թ. մենք մտադիր ենք բեմադրել Յուրի Պոլյակովի  «Ինչպես Աստվածները» պիեսը, այդ ներկայացումը ես եմ բեմադրելու:

Թատրոնի խաղացանկում նախատեսված է «Հրաշալի կոշկակարուհին», որն իսպանացի դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի պիեսն է:  Այդ պիեսը բեմադրելու է հրավիրված ռեժիսոր Գոհար Տրդատյանը, իսկ ներկայացումը հովանավորում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Քանի որ մենք աշխատում ենք երկու երկրների համար՝ Հայաստանի եւ Ռուսաստանի, ապա ներկայացնում ենք նաեւ հայկական ստեղծագործություններ, մասնավորապես՝ Պերճ Զեյթունցյանի  «Աստվածների կանչը»: Այն Տիգրան Մեծի ժամանակաշրջանի Հայաստանի դրամատիկ, ավելի շուտ՝ ողբերգական պատմության մասին է:

 

Զրուցեց Տաթեւիկ Ղազարյանը