ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Չիրկինը երկրի նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնի, հայտնում է «Կոմերսանտը»` վկայակոչելով նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը:
Հաղորդվում է, որ Չիրկինի պաշտոնանկության պատճառը ՌՔԿ-ի զինվորական քննչական վարչության կողմից ՌԴ ՔՕ 290 (կաշառակերություն) հոդվածով նախատեսված հանցանք գործելու համար նրան ներկայացված մեղադրանքն է:
Հայտնի է նաեւ, որ գեներալին վերագրվող հանցագործությունը վերաբերում է 2010թ. դեկտեմբերից 2012թ. ապրիլ ժամանակահատվածին: Այն ժամանակ Չիրկինը զբաղեցնում էր Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի պաշտոնը:
Ըստ որոշ տվյալների` քննությունն սկսվել էր զինդատախազության ստուգումից հետո:
Իսկ ՔՕ-ի 159 հոդվածով (խարդախություն) նախատեսված գործը քննելիս քննիչները պարզել էին, որ հրամանատարը կարող էր թույլատրել կասկածելի գործարքները:
Նշվում է, որ գեներալի նկատմամբ գործ հարուցելու հարցով ակտիվ քննչական գործողություններն սկսվել էին այս տարվա սեպտեմբերին: Այն ժամանակ քննությունը դիմել էր պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին` քննության ընթացքում Չիրկինին պաշտոնից ազատելու միջնորդությամբ:
Գլխավոր հրամատարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է Ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ գեներալ Սերգեյ Իստրակովը:





























