Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, դեկտեմբերի 18-ին, հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական հարցերով գլխավոր քարտուղար Պասկալ Տերասսեի հետ եւ ներկայացրել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությունից ի վեր գրանցված զարգացումները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս համատեքստում դեսպանն ընդգծել է խորհրդարանական մակարդակով իրականացվող համագործակցության կարեւորությունը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց պարոն Տերասսեին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կողմից ՀՀ ուղղված ծրագրերի իրականացման համար։

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ այս համագործակցությունը ապագայում կշարունակվի եւ կամրապնդվի` շնորհիվ նոր նախաձեռնությունների, ինչպիսին է, օրինակ, Հայաստանում ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի ստեղծման ծրագիրը:

Պարոն Պասկալ Տերասսեն իր գոհունակությունն է հայտնել ֆրանկոֆոն ընտանիքում ինտեգրման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրած ջանքերի առնչությամբ: Նա ողջունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եւ Հայաստանի Ազգային Ժողովի ֆրանկոֆոնիայի հանձնախմբի միջեւ հաստատված համագործակցությունը՝ դրական արձագանքելով՝ ՀՀ Ազգային Ժողովի հետ իրականացվող համագործակցության ծրագրերի շարունակմանը, ինչպես նաեւ նոր ծրագրերի նախաձեռնմանը: Պասկալ Տերասսեն հույս է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ դառնալը կնպաստի կազմակերպության խորհրդարանական մարմնում Հայաստանի դերակատարության ամրապնդմանը: