Վերջին տարիներին հասարակության ուշադրությունը ՄԻԵԴ-ի հանդեպ զգալիորեն աճել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հայաստանի Փաստաբանների պալատի եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքների պաշտպանության վերահսկման մեխանիզմների զարգացման նպաստումը ներպետական եւ միջազգային ատյաններում» ծրագրի վերջնական արդյունքների ներկայացման ժամանակ հայտարարել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Միջոցառմանը մասնակցել է նաեւ Արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է. «Չափազանց կարեւոր եւ արդիական թեմա է քննարկվելու, քանի որ հնարավորություն ենք ունենալու պարզել, թե մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերը ինչ ծավալով եւ ինչ պայմաններում են իրականցվում: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին հասարակության ուշադրությունը ՄԻԵԴ-ի հանդեպ զգալիորեն աճել է: Նույնիսկ կենսաթոշակային տարիքի քաղաքացիները իրենց կենցաղային վեճերը սպառնում են լուծել Եվրոպական դատարանով»:
Զոհրաբյանի խոսքով՝ Եվրոպական դատարանի դատական ակտը չի կարող ծառայել իր նպատակին, եթե ապահովված չէ այդ դատական ակտի արդյունավետ կատարումը: ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը նույնպես բարձր է գնահատել այն աշխատանքը, որ իրականացրել են Հայաստանի ներպետական փորձագետներ Արա Ղազարյանը եւ Արտակ Զեյնալյանը:
Վերջիններս ներկայացրել են Եվրոպական Խորհրդի նախարարների կոմիտեի վերահսկողական նոր ընթացակարգերը, անհատական բնույթի միջոցառումների եւ ընդհանուր բնույթի միջոցների իրագործման եւ ավարտված վարույթների մասին արդյունքները:
Մասնակիցները քննարկել են երրորդ կողմի մասնակցությունը ներպետական եւ միջազգային ատյաններում, ԵԽ Նախարարների կոմիտե ներկայացված հաղորդումները (Պողոսյանը եւ Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի, Խաչատրյանը եւ այլոք ընդդեմ Հայաստանի, Պողոսյանը եւ Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի, Խաչատրյանը եւ այլոք ընդդեմ Հայաստանի, Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի), երրորդ կողմի մասնակցությունը ներպետական եւ միջազգային ատյաններում, ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված գրավոր մեկնաբանությունները (amicus curiae) (Աշոտ Մանուկյանի եւ Արամ Բարեղամյանի դիմումների վերաբերյալ գրավոր մեկնաբանություններ, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումի վերաբերյալ գրավոր մեկնաբանություններ եւ Արթուր Խաչատրյանի դիմումի վերաբերյալ գրավոր մեկնաբանություններ):





























