Բրազիլիայում տեղի ունեցած գիմնազիադայում հայ մասնակիցների հաջողություններով  եզրափակվել են 2013 թվականի կրթական հաջողությունները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, հայտարարել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ Դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայի մասնակիցների, Եվրոպայի ուսանողական առաջնությանը մասնակցած Հայաստանի ուսանող մարզիկների թաեքվոնդոյի թիմի եւ «Աստղագիտություն» առարկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե  մեդալ նվաճած դպրոցականների հետ հանդիպման ժամանակ:

«Ձեր ցուցաբերած արդյունքներով Դուք արդարացրել եք մեր վստահությունը եւ դրա համար մենք շնարհակալ ենք ձեզանից եւ հպարտ ենք ձեզանով: Շարունակալու ենք վստահել ձեզ եւ հուսով ենք, որ Ձեր հաջողությունները, որոնք այնքան անհրաժեշտ են մեր երկրին, կլինեն շարունակական եւ մենք նաեւ Ձեր շնորհիվ շարունակելու ենք ապրել հաղթանակների բերկրանքը»,- դիմելով ներկաներին՝ նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը նաեւ հավելել է, որ Հայաստանի դպրոցականների  համար միջազգային առարկայական օլիմպիադաներում հաջողությունների հասնելն արդեն ավանդական է դարձել, շատ կարեւոր է, որ հայ պատանիները երիտասարդներն ու աղջիկները հաջողություններ են գրանցում  նաեւ սպորտում, քանի սպորտը կրթության կարեւոր բաղադրիչներից է, իսկ «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման բարելավումը՝ նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկը: Հանդիպման ավարտին նախարար Ա. Աշոտյանը միջազգային մրցաշարերի մասնակցներին հանձնել է պատվոգրեր, իսկ մեդալակիրները նախարարության կողմից արժանացել են պարգեւների:

Նշենք, որ 2013 թվականին  Հայաստանի դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներում նվաճել են 15 մեդալ, 4 մեդալ՝ դպրոցականների գիմնազիադայում, 10 մեդալ՝  ուսանողների ունիվերսիադայում եւ 3 մեդալ՝ Եվրոպայի ուսանողական առաջնությունում: