Փոփոխվել են «Խնամատար ընտանիք» ծրագրում երեխայի ընդգրկման համար վարչական շրջանների կողմից կնքվող «խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին» պայմանագրի ժամկետները։ Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան ամփոփիչ հանդիպում-քննարկման ժամանակ:
Քաղաքացիների համար գործընթացը հեշտացնելու համար առաջարկվել է մանկահասակ երեխաների դեպքում պայմանագրերը կնքել ոչ թե 1, այլ 2-3 տարով, ինչպես նաեւ ներկայացվել է առկա վիճակագրությունը Երեւանում ըստ վարչական շրջանների խնամատարության հանձնված երեխաների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են վարչական շրջաններում հանձնաժողովների գործունեությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ որդեգրման ենթակա երեխաների փաստաթղթերի փաթեթների ամբողջական ներկայացնելու, հրաժարվող ծնողների կողմից ներկայացված որդեգրման համաձայնության պատշաճ ձեւի, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անձնական քարտերի լիարժեք լրացնելուն առնչվող հարցեր։





























