Ապրիլի 24-ից առաջ Թուրքիայում ոչ միայն դիվանագիտական իրարանցում է, այլեւ հայերի հետ կապված այլ նախաձեռնություններ են կատարվում: Մասնավորապես՝ Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը որոշում է կայացրել հայերեն լեզվի դասերը դպրոցներ ընդգրկել, որպես ընտրովի դասաժամ:

Կրթության նախարարության հիշյալ նախագծի պատասխանատուներից մեկը Թուրքական Haberturk-ին հայտնել է. «Աշխատում ենք մեր կրթական համակարգը համահունչ դարձնել համաշխարհային պայմաններին: Այդ տեսակետից աշխատանքներ ենք սկսել հայերենը, արաբերենը եւ նույնիսկ եբրայերենը ընդգրկել ընտրովի կամ հատուկ դասաժամերի մեջ: Այս նախաձեռնությունը համապատասխանում է իշխանությունների „զրո“ խնդիր հարեւանների հետ եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերին: Այս նախագծի վրա ներկայումս նախարարությունում աշխատում են եւ եթե Նախարարների խորհդի կողմից հաստատվի, 2010-2011 ուսումնական տարում այն հնարավոր կլինի կիրառել: Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը Թուրքիայում ապրող անօրինական հայաստանցիների երեխաների ուսման հետ կապված կարեւոր նախաձեռնություն է հանդես բերել: Բացի այդ, նախարարությունը որոշում է կայացրել Ստամբուլում հայկական դպրոցների համար անվճար դասագրքեր տրամադրել»: