Ղըրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը առաջարկել է երկրի մայրաքաղաքը Բիշքեկից տեղափոխել Ջալալաբադ կամ Օշ, որտեղ կարող են իշխանության նոր մարմիններ ստեղծվել:

Ապրիլի 12-ին հանդես գալով իր կողմնակիցների առջեւ՝ Բակիեւն ասել է, թե լեգիտիմ չի համարում ժամանակավոր կառավարությանը, որ ձեւավորել են ընդդիմադիրները` Ղըրղզստանում անկարգություններից հետո:

Ինչպես հաղորդում է 24.kg-ն, նախագահը ընդգծել է, որ նոր իշխանությանը «ավազակներ եւ մարդասպաններ» է համարում: Նշենք, որ Կուրմանբեկ Բակիեւը զգալի աջակցություն է վայելում երկրի հարավում, մասնավորապես՝ Ջալալաբադ քաղաքում:

Հիշեցնենք, որ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները Ղըրղզստանում հանգեցրին զանգվածային անկարգությունների: Ապրիլի 7-ին իշխանության հետ բախումները հասան մայրաքաղաք Բիշքեկ: Ընդդիմության կողմնակիցները գրոհով վերցրին պետական իշխանության բոլոր մարմինները եւ հեռուստակենտրոնը: Բախումների արդյունքում զոհվեցին 79 հոգի: Նախագահը փախավ Բիշքեկից, իսկ իշխանությունը անցավ ժամանակավոր կառավարությանը՝ Ռոզա Օթունբաեւայի գլխավորությամբ: