Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 31-ին Ղրղզստանում մասնակցել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Հանդիպանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները:
Մինչ գագաթնաժողովի մեկնարկը, Ղրղզստանի նախագահ Բակիեւը ողջունել է ՀԱՊԿ անդամ երկրների իր գործընկերներին:
ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իսիկ-Կուլի մերձափնյա «Ռուխ-Օրդո» մշակութա-ազգագրական կենտրոնում կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու եւ միջազգային անվտանգության հրատապ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել են տեղեկատվական քաղաքականությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւն ասել է, որ բաց եւ կառուցողական երկխոսություն է ծավալվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անվտանգության, մասնավորապես կրոնական ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ: ՀԱՊԿ երկրների ղեկավարներն ընդգծել են համակարգված տեղեկատվական քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը: Նրանք նաեւ պայմանավորվել են Իսիկ-Կուլի ափին երիտասարդական կենտրոն հիմնելու մասին:
Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտին Ղրղզստանի նախագահ Բակիեւի կողմից ՀԱՊԿ երկրների ղեկավարների պատվին տրվել է պաշտոնական ճաշ:




























