Վաշինգտոնում ապրիլի 12-ին Թուրքիայի վարչապետի եւ Հայաստանի նախագահի միջեւ տեղի ունեցած հանդիպումից մանրամասներ է նշել թուրքական Sabah-ը:

Ըստ թուրքական պարբերականի, 1 ժամ 15 րոպե տեւած հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը պնդել է, որ Թուրքիան հաստատում է իր պարտավորվածությունը ստորագրված արձանագրություններին եւ անհրաժեշտ համարել, որ կողմերը Կովկասում խաղաղություն ապահովող արձանագրություններին հավատարիմ մնան:

Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ Թուրքիան պետք է սկսի արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչին Էրդողանը պատասխանել է, որ արձանագրություններում դրված ստորագրությանը հավատարիմ է, սակայն վավերացման համար Թուրքիայում որոշակի քաղաքական մթնոլորտ է անհրաժեշտ: Էրդողանը որպես պատճառաբանություն բերել է այն, որ իրար ետեւից ԱՄՆ-ը եւ Շվեդիան ընդունեցին հայկական բանաձեւերը, Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը եւ հայկական խորհրդարանում արձանագրությունները չեղյալ հայտարարելու հնարավորություն տվող որոշումների ընդունումը, որոնք ներկայումս լուրջ խոչընդոտ են Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացման համար: Էրդողանը պնդել է, որ եթե ներկա պահին արձանագրությունները խորհրդարանում դրվեն վավերացման, կմերժվեն: Հայաստանի նախագահը պնդել է, որ Թուրքիան խուսափի հայ-թուրքական գործընթացը Ղարաբաղի խնդրի հետ կապող հայտարարություններից: Էրդողանը պատասխանել է, որ իրենք Ղարաբաղի խնդիրը դրան չեն կապում, պարզապես ցանկանում են, որ Կովկասում խաղաղություն լինի: Հանդիպմանը որոշում է կայացվել, որ ապրիլի 13-ին պետք է հանդիպեն նաեւ երկու երկրների ԱԳ նախարարները: