Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը անհանգստացած է Վրաստանի կողմից Հարավային Օսիայի կենտրոն Ցխինվալի եւ նրա արվարձանների վերջին ռմբակոծություններով եւ իրեն իրավունք է վերապահում իր բոլոր ուժերն ու միջոցներն օգտագործել Հարավային Օսիայի քաղաքացիներին եւ այդ տարածքում գտնվող ռուս զինվորականներին պաշտպանելու համար: Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության այսօր տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է նաեւ, որ վերջին մի քանի օրերին վրացական կողմից ռմբակոծության մի քանի դեպք է եղել Հավային Օսիայի բնակավայրերի ուղղությամբ:
«Նման գործողությունները Ռուսաստանի պաշտպանության նախարարության մոտ լուրջ անհանգստություն են առաջացնում: Հանրապետության բնակչության համար սպառնալիք հանդիսացող սադրանքների կրկնվելու դեպքում, Հարավային Օսիայում տեղակայված ռուսական զինվորական կոնտինգենտն իրեն իրավունք կվերապահի բոլոր ուժերով ու միջոցներով պաշտպանել Հարավային Օսիայի քաղաքացիներին եւ ռուս զինծառայողներին»,- ասված է հաղորդագրության մեջ:




























