«Երեկ Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շատ հստակ ներկայացրեց հայկական կողմի դիրքերը՝ մեկ անգամ եւս հիշեցնելով, որ ղարաբաղյան հարցը չի կարելի ներառել հայ-թուրքական գործընթացի մեջ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Հատկանշական համարելով այն փաստը, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ինքն է նշել, թե արձանագրությունների վավերացման հարցը ձգձգվում է իր երկրի եւ ոչ թե Հայաստանի պատճառով, նա նկատեց, որ այս հայտարարությունից պետք է հետեւություն անի ողջ աշխարհը. «Էրդողանն ինչ-ինչ պատճառներով փորձում է համոզել, որ դեռեւս երկկողմ արձանագրություների վավերացման ժամանակը չէ, եւ որ դրա համար անհրաժեշտ մթնոլորտ առայժմ չի ձեւավորվել. հետաքրքիր է՝ որքա՞ն պետք է սպասել այդ մթնոլորտին»,- հռետորական հարց հնչեցրեց ՀՀԿ մամուլի քարտուղարը՝ ավելացնելով, որ թուրքական կողմի հայտարարություններն իրարամերժ են եւ ոչ իրավասու. «Եթե Թուրքիայի վարչապետը հանդիպման ժամանակ ասում է, որ ղարաբաղյան հարցը նախապայման չէ, ապա այդ երկրի արտգործնախարար Դավութօղլուն պնդում է, որ հայ-թուրքական հարաբերություններում ամենակարեւոր հարցը Ղարաբաղի հակամարտության լուծումն է»,- նկատեց Է. Շարմազանովը՝ ընդգծելով, որ Դավութօղլուի հայտարարությունները հարիր չեն երկրի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող մարդուն։

Ամփոփելով՝ ՀՀԿ մամուլի քարտուղարը խորհուրդ տվեց Թուրքիային «իր քիթը չխոթել ԼՂՀ կարգավորման խնդրի մեջ». «Թուրքիան նախեւառաջ թող իր խնդիրները լուծի՝ Եվրամիության անդամակցություն, Կիպրոսի եւ քրդական հարցեր, հետո իր քիթը խոթի Ղարաբաղի խնդրի մեջ»,- շեշտեց Է. Շարմազանովը՝ ավելացնելով, որ երեկվա հանդիպումներից հետո Հայաստանը ոչինչ չի կորցրել, ավելին, ամբողջ աշխարհը ՀՀ նախագահից մեկ անգամ եւս լսեց, որ Թուրքիայի բոլոր ջանքերը՝ սեպ խրել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, ձախողված են. «Այս գործընթացից մենք դուրս ենք գալիս ավելի միավորված»,- եզրափակեց Շարմազանովը։

Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։