Պարոն Հարությունյան, ըստ Ձեզ, ի՞նչ զարգացումներ են սպասվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Սերժ Սարգսյան-Ալիեւ եւ Կրակովում կայացած համանախագահների հանդիպումներից հետո:
Զարգացումները կախված են մի քանի գործոններից: Կարեւոր է, թե համանախագահներն ինչ խնդիր են դնում իրենց առջեւ: Խնդիր է դրված հասնել որեւէ միջանկյալ լուծման, միջանկյալ փաստաթղթի ստորագրման, որի արդյունքում հակամարտության գոտի կմտցվեն խաղաղարար ուժեր: Իրենք էլ շատ լավ հասկանում են, որ այսօր ԼՂ խնդրի լուծում չի կարող լինել: Ինչո՞ւ: Մոտեցումները տարբեր են: Հիմնական հարցը Ղարաբաղի կարգավիճակն է, որի մասին Ալիեւն արտահայտվել եւ ասել է, թե չի տեսնում Ղարաբաղն Ադրբեջանից դուրս: Եւ բնական է, որ Ղարաբաղն էլ չի տեսնում իրեն Ադրբեջանի կազմում։ Այնպես որ զարգացումը կախված է, թե հայկական կողմն ինչ դիրքոշում կունենա:
NEWS.am-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել էր, թե յոթ շրջանները վերադարձվելու են Ադրբեջանի վերահսկողությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք համանախագահի այս հայտարարությունը:
Ես միանշանակ կարծում եմ՝ դա Մեթյու Բրայզայի, որպես համանախագահի, ցանկությունն է, եւ քաղաքականությունը, որպեսզի դուրս բերվեն ուժերն այդ շրջաններից, եւ մտցվեն խաղաղարար ուժեր: Դա պետք է դիտարկել տարածաշրջանի պայքարի կոնտեքստում, որտեղ պարզ է՝ ինչ է լինում, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվում է հանրաքվեի միջոցով, եւ անհասկալի է՝ ե՞րբ, ի՞նչ տարածքներում եւ ի՞նչ ժամկետներում է անցկացվելու այդ հանրաքվեն: Ուստի պարզ է, նպատակ չկա Ղարաբաղի հարցը լուծել: Միացյալ Նահանգների մոտ կա նպատակ մտցնել խաղաղարար ուժեր եւ այդպիսով մեծացնել ազդեցությունը տարածաշրջանում:
Ինչպե՞ս եք գնահատում պատերազմի վերսկսման հնարավորությունը: Հիմա բոլորն են խոսում պատերազմի վերսկսման հնարավորության մասին:
Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի: Պատերազմը վերսկսելու համար պետք են համապատասխան նախապայմաններ: Այսօր այդ նախապայմանները չկան: Ադրբեջանը առաջին հերթին պետք է ապահովի ռազմական առավելություն, որը նա չունի եւ մոտ ժամանակներս չի էլ կարող ստեղծել այդ առավելությունը, անկախ նրանից թե որքան գումար է ծախսում: Սա մեկ: Ադրբեջանի բանակի բարոյահոգեբանական վիճակն այնպիսին է, որ այդ բանակը չի կարելի անվանել հզոր բանակ, այլ կարելի է անվանել մարդկանց եւ տեխնիկայի հավաքածու:
Պատերազմը չի բխում գերտերությունների շահերից, որովհետեւ պատերազմի վերսկսման դեպքում գազամուղները, նավթամուղները, Nabucco-ները առաջին իսկ վայրկյաններին կոչնչացվեն: Կան այդպիսի զինատեսակներ, եւ պատերազմում, բնական է, առաջին հերթին ոչնչացվում է հակառակորդի տնտեսական ներուժը: Այս ճգնաժամի պարագայում, երբ առանց դրա էլ տնտեսական վիճակը գնալով վատանում է, սա աղետալի հետեւանքներ կունենա: Եւ այդ ռազմաշունչ հայտարարությունները նրանք համարում են տեղեկատվական պայքարի միջոցներից մեկը, որ ազդեն հայկական կողմի վրա եւ ստիպեն զիջումների գնալ:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների վարքը կարգավորման գործընթացում:
Ես կարծում եմ՝ Մադրիդյան սկզբունքներին համաձայնություն տալը սխալ ռազմավարություն է: Հայկական կողմի շահերը տուժում են: Հայկական կողմը պետք է դնի Շահումյանի, Գետաշենի հարցը, 400 հազար փախստականի հարցը: Հայկական հողերի մասին՝ Արծվաշեն եւ այլն, խոսք չկա այդ սկզբունքներում: Ղարաբաղի բուն տարածքներից՝ Մարտակերտից, ադրբեջանական զորքերի հետքաշման մասին: Այն ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի շահերին, հստակ նշված է, իսկ ինչը բխում է հայկական կողմի շահերից, կամ չկա, կամ անհասկանալի, լղոզված մի ձեւակերպում է՝ կարգավիճակի մասով:
Ո՞րն է ելքը:
Ամենակարեւոր հարցը ներքաղաքական ամրապնդումն է, իշխանության եւ հասարակության միջեւ անվստահության վերացումը, արտաքին քաղաքականության մեջ հստակություն մտցնելը: Ընդհանրապես պետք է փոխվի մոտեցումը բանակցային գործընթացում։ Նույնիսկ ձեւաչափը ճշտված չէ: Այս հակամարտությունը եռակողմ հակամարտություն է: Եւ Հայաստանը նույնպես կողմ է, ինչպես Ղարաբաղն ու Ադրբեջանը: Հայաստանը բանակցություններում պետք է խոսի միայն իրեն վերաբերող հարցերի մասին, իսկ Ղարաբաղի մասով հանդես գա որպես անվտանգության երաշխավոր:
Զրուցեց Արտակ Եղիազարյանը




























