Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շարունակվում են բանակցությունները ղարաբաղյան հակամարտության հարցով ենթահանձնաժողովի ստեղծման ուղղությամբ: Այս մասին ապրիլի 13-ին հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն, որ պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
«Այցի շրջանակներում ես մի շարք հանդիպումներ կանցկացնեմ։ Կքննարկվեն Ադրբեջանի եւ ԵԽԽՎ հարաբերությունների զարգացման հարցը»,- ասել է նա: Չավուշօղլուի խոսքով, ԵԽԽՎ նախագահի լիազորությունները կատարելու ժամանակ մտադիր է այցելել Հայաստան, Վրաստան, Ռուսաստան եւ այլ երկրներ՝ «ուշադրություն դարձնելու հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան, կարգավորման խնդիրներին»:
Չավուշօղլուն նշել է նաեւ, որ «ԵԽԽՎ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղի Մինսկի գործընթացը: Մեր կառույցն էլ որոշումներ ունի այդ հարցով»,- ասել է նա:
Չավուշղօլուն հայտնել է, որ ենթահանձնաժողովի հարցը բարձրացվել է ԵԽԽՎ Բյուրոյում՝ մարտյան նիստի ժամանակ, սակայն քանի որ Դավիթ Հարությունյանը չէր մասնակցում դրան, հարցը չի քննարկվել:
Նշենք, որ ԵԽԽՎ ենթահանձնաժողովը դադարեցրել էր իր աշխատանքը լորդ Ռասել Ջոնսթոնի մահից հետո:



























