The New Times ամսագրի խմբագրություն են ժամանել Մոսկվայի ՆԳԳՎ երկու քննիչներ՝ առգրավելու փաստաթղթերը «ՕՄՕՆ-ի ստրուկները» հոդվածի կապակցությամբ հարուցված քր.գործի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով գլխավոր խմբագիր Եվգենի Ալբացին, քննիչներին հետաքրքրել են պարբերականի աղբյուրները, բացի այդ նրանք պահանջել են ձայնա- եւ տեսագրություններն այն հարցազրույցի, որը հրապարակվել է թերթում:
Միեւնույն ժամանակ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի տվյալներով, The New Times-ի խմբագրությունը թույլ չի տվել առգրավել փաստաթղթերը: Քննիչները ստիպված են եղել հեռանալ ձեռնունայն, քանի որ Մոսկվայի քաղաքային դատարանում է գտնվում թերթի հայցը՝ ընդդեմ ստորադաս դատարանի վճռի, որով թույլ էր տրվում խուզարկություններ անցկացնել խմբագրությունում:
Հիշեցնենք, որ «ՕՄՕՆ-ի ստրուկները» հոդվածում թերթը գրել էր, որ գերատեսչության աշխատակիցներին ստիպում են ապահովել ձերբակալվածների քանակությունը, պահպանել մասնավոր անձանց եւ մասնակցել ռեյդերական ձերբակալություններին: Այն մեծ հանրային հետաքրքրություն էր առաջացրել եւ արժանացել ոստիկանների զայրույթին:




























