Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը թույլ չի տա ինքնադատաստանի ենթարկել իշխանությունից վտարված եւ երկրի հարավում ապաստանած արդեն նախկին նախագահ Բակիեւին։ Նման հայտարարություն ապրիլի 14-ին արել է երկրի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւան` ԱՄՆ պետքարտուղարի Հարավային եւ Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Ռոբերտ Բլեյքի հետ հանդիպումից հետո:
Նա պահանջել է դատարանի առաջ կանգնեցնել Բակիեւին, քանի որ նա «արյուն է հեղել» եւ չի կարող հույս ունենալ, թե կօգտվի անձեռնմխելիության իրավունքից:
Ըստ Օթունբաեւայի, նախագահի բարեկամներն ու կողմնակիցները եւս պետք է կանգնեն դատարանի առաջ: Ընդ որում, նա նշել է, որ ժամանակավոր կառավարությունը պատրաստ է բանակցություններ վարել Բակիեւի հետ. «Այսօր նա արդեն հասկանում է իրավիճակը եւ պատրաստ է բանակցությունների, բայց պետք է մշակել Կուրմանբեկ Բակիեւի հետ հանդիպումների ձեւաչափը»:
Ներկայումս, ըստ ժամանակավոր կառավարության, Բակիեւը գտնվում է Ջալալաբադի մարզում, իր մոտ 500 զինված կողմնակիցների հսկողության տակ:




























