Բիզնեսը վարելու իմ սկզբունքներից  է՝ հենվել միայն այն մարդկանց վրա, ում ես ամբողջությամբ կարող եմ վստահել: Այդ մասին rbc-ի հետ հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝  պատասխանելով  հարցին, թե խորհրդակցում է արդյոք ինքը  հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, երբ որեւէ գործարքի մասին որոշում է կայացնում: 

«Չեմ կարծում, թե բիզնեսը վարելու ընտանեկան սկզբունքը պարտադիր դատապարտված է ձախողման: 20 տարվա ընթացքում իմ բազմաթիվ հարազատներից ոչ ոք ինձ չի դավաճանել: Եվ չի եղել մի դեպք, երբ հայը ինձ հուսախաբ անի»,- հայտարարել է Կարապետյանը:

Խոսելով «Տաշիրի» վրա ճգնաճամի ազդեցության  մասին՝ Կարապետյանը նշել է, որ ճգանաժամը դրական է ազդել: «Մենք կոփված ենք. երկու ճգնաճամ ենք հաղթահարել՝ 1998-ին եւ 2008-ին: Եվ երկու անգամ էլ կարողացել ենք օգտվել ընձեռված հնարավորություններից:  Պետք չէ գերագնահատել «Գազպրոմի» դերը «Տաշիրի» ճակատագրում: Մնացած դեպքերում էական նշանակություն է ունեցել ամեն ինչ՝ եւ մենեջերների ամենօրյա աշխատանքը, եւ սփյուռքի վրա հենվելը, եւ ճիշտ բիզնես-մարտավարությունը, եւ մեր ընտրած առաջադիմական զարգացման տեմպը, եւ ցանկացած հարցին մեր մոտեցումը»:

Ըստ Կարապետյանի՝ «Տաշիրը» նախկինում էլ է պայմանագրեր ունեցել «Գազպրոմի» հետ, այժմ էլ կան: «Սակայն դա բնավ չի նշանակում, որ «Գազպրոմը» մեր եկամուտների գլխավոր մասնաբաժինն է կազմում, կամ էլ որ «Տաշիրի» ողջ բիզնեսը կենտրոնացված է գազային մոնոպոլիայում: Որոշ պահերին  «Գազպրոմից» ստացված եկամուտները մեր ընդհանուր եկամտի զգալի մասն են կազմել, սակայն այժմ այդ մասնաբաժինը նվազել է: Ներկայումս նրա հետ պայմանագրերը չեն գերազանցում շրջանառության 3% -ը»: