Քաղաքականությունն ինձ համար հետաքրքրական չէ, դա իմը չէ: Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի ձեռներեց, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, որ նրա հարազատ եղբայր Կարեն Կարապետյանը մինչեւ 2011թ ղեկավարել է Հայաստանի նախագահի աշխատակազմը, իսկ այժմ պատգամավորի պաշտոն է զբաղեցնում: Ինչու նա չի հետեւել վերջինիս օրինակին ու քաղաքականություն չի մտել:

Ի պատասխան այն հարցին, թե ինչու է նա որոշել Հայաստանից Ռուսաստան տեղափոխվել, Կարապետյանը պատասխանել է. «Ես ծրագիր ունեի՝ եկա, հիմնավորվեցի, հաղթեցի: Ռուսաստանում իմ առաջին նպատակակաետը Լիպեցկն էր: Այն ընտրել էի, քանի որ մարդիկ ու տարածաշրջանը ինձ լավ ծանոթ էին: Լիպեցկից տեղափոխվեցի Մոսկվա, ավելի ուշ՝ Կալուգա, որտեղ արդեն բազմաթիվ ընկերներ ունեի»:

Կարապետյանը նշել է, որ առաջին գումարները վաստակել է Հայաստանում, ինչն էլ նրան թույլ է տվել տեղափոխվելուց հետո նորմալ, բարեկեցիկ կյանք վարել: Հենց այդ գումարներով է նա ձեռք բերել Ռուսաստանում իր առաջին ակտիվները:

Նա նաեւ պատմել է, որ շատ դժվար է աշխատել աղքատ շրջաններում: Հենց հիմա էլ նա փորձում է աշխատել նմանատիպ շրջանների մեկում: «Վստահ եմ, որ մեր ընկերությունը նրանց շատ ավելի է պետք, քան նրանք մեզ»: