Արտագաղթի այս տեմպերը խոսում են այն մասին, որ մենք քիչ ժամանակ ունենք երկիրն այս վիճակից հանելու համար: Այս մասին այսօր` փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Հետաքրքիր ժամանակահատվածում ենք ապրում. Դժվար է ասել, թե ինչով կավարտվի այս ամենը: Այս ամենի պատճառը մեր իշխանություններն են»,- նշեց Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ իշխանափոխություն են ցանկանում բոլորը. «Այսօր իշխանափոխություն են ուզում թե կուտակային կենսաթոշակային նոր օրենքի դեմ պայքարողները, թե ազատամարտիկները, որոնք ապրում են սոցիալապես ծանր վիճակում»:
Փոպնախագահի խոսքով` հունվարին ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհված Արմեն Հովհաննիսյանն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է ինքն իրեն պաշտպանել:
«Արմենը մեզ բոլորիս ցույց տվեց, որ մենք ուժեղ ենք: Համոզված եմ, որ բոլորս կարող ենք այնպիսի իրավիճակ ստեղծել, որ իշխանությունները նոր ընտրություններ կանեն ու կփոխվի ամեն ինչ»:
Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ այդ դեպքում բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները կմիավորվեն ու հաղթանակ կտոնեն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























