«Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է կուտակային կենսաթոշակային նոր օրենքի դեմ փետրվարի 6-ին կազմակերպվող երթին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Մենք հենց սկզբից էլ պայքարողների կողքին ենք եղել, եւ շարունակելու ենք նրանց հետ պայքարել բոլոր օրինական ձեւերով»,- ասաց կուսակցության փոխնախագահը:
Արմեն Մարտիրոսյանը համոզված չէ, որ մարտի 28-ին Սահմանադրական դատարանը վճիռ կկայացնի՝ հօգուտ քաղաքացիների. «Սահմանադրական դատարանը իշխանության դուստր ձեռնարկություններից մեկն է, որը նրա պատվերն է կատարում: Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, թե ինչ կորոշի ՍԴ-ն, այնպես որ արդար եւ ճիշտ վճիռ ակնկալելը՝ միամտություն է»:
Նրա խոսքով՝ միայն իշխանափոխության դեպքում նոր օրենքի դեմ պայքարողներն արդյունքի կհասնեն.
«Պայքարը միայն մի դեպքում արդյունք կտա, եթե տեղի ունենա իշխանափոխություն, համակարգափոխություն»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգության» փոխնախագահն անդրադարձավ նաեւ ԱԺ 50 աշխատակիցներին, ովքեր փետրվարի 3-ին գրավոր դիմել էին աշխատակազմի ղեկավարին՝ պահանջելով չգանձել կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարը. «Նորմալ է, քանի որ Ազգային ժողովում քաղաքական կամք եւ ինտելեկտ ունեցող մարդիկ կան»:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Այս կասեցումը խնդիրներ է առաջացրել: Կան ընկերություններ, որոնք գանձում են 5% պարտադիր վճարը: Դրանք մեծ մասամբ պետական հիմնարկներն են: Փետրվարի 6-ին «Դեմ եմ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպում պետական այն հիմնարկների առջեւ, ովքեր գանձել են կենսաթոշակային պարտադիր վճարը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























