Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին համաշխարհային լրատվամիջոցների ներկայացուցիչները ժամանել են Սոչի, սակայն ոչ բոլորն են տպավորվել ընդունելությունից: Այդ մասին գրում է բրիտանական «The Independent» թերթը:

«Twitter»-ում տարածվել են կեղտոտ ջրի, սանհանգույցի եւ անմիջապես դրանց կողքին տաքացուցիչների լուսանկարներ, որոնք այնքան բարձր են, ձեռք չի հասնում: Հաշվի առնելով՝ որ խաղերի վրա 31 մլդր ֆունտ սթերլինգ է ծախսվել, կարելի էր ավելի բարձր ստանդարտներ ակնկալել:

«The Independent»-ի թղթակիցը Սոչիում առաջին անգամ է նախաճաշել, որի ժամանակ մի քանի հիմնական ուտեստ է եղել՝ բեկոնով ձվածեղ: Կային նաեւ այլ տարբերակներ, ինչպես օրինակ եփած կարտոֆիլ ու լոբիով ապուր: Պատառաքաղներն ու գդալները բավականացնում էին, իսկ ահա դանակ չկար: Հնարավոր է, կազմակերպիչներն անհանգստացել են, որ զայրացած լրագրողները դրանք այլ նպատակով կարող են օգտագործել:

Մամուլի կենտրոնը, որն աղմուկ էր հարուցել, բաժանել են 18 բազմաբնակարան  տների, որոնցում տեղավորվել են համաշխարհային ԶԼՄ-ները: Բրիտանացի լրագրողները դրանք անվանել են գուլագներ: Համարները պատրաստ չեն, իսկ նորվեգացի մի լրագրող նախաճաշի ժամանակ ասել է. «Մենք կարծում ենք, որ հավանաբար, պատրաստվելու համար եւս երկու շաբաթ էր նրանց հարկավոր»: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը խաղերի անցկացման իրավունքը ձեռք էր բերել 2007թ.-ին, այս հայտարարությունն անսպասելի է թվում:

Միեւնույն ժամանակ, երբ բազմաթիվ լրագրողներ բողոքում էին, խմելու սիրահարներն ուրախանալու առիթ ունեն: Բնակելի շինությունների միջեւ բարեր կան, ու թեեւ գարեջուրը բավական թանկ է, մեկ գավաթ գինին արժե 30 ռուբլի: Միակ անհանգստությունը կարող է լինել այն, որ համարում խումարի համար պայմաններ չլինեն, հատկապես, եթե հարկադրված պետք է լինեն դեղին ջուր խմել: