Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ փետրվարի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազորդեսպան Անրի Ռենոյին:

Ողջունելով հյուրին` նախարարն անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ու դրանք խորացնելու  անհրաժեշտությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռենոն իրատեսական է համարել համագործակցությունն ավելի բարձր հիմքերի վրա դնելու հնարավորությունը՝ այս տարի Ֆրանսիայի Նախագահ Ֆ. Օլանդի ՀՀ նախատեսվող այցի շրջանակներում եւ Սերգո Կարապետյանին է  փոխանցել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ս. Լե Ֆոլի Ֆրանսիա այցելելու մասին հրավերը: Առաջարկելով այցելությունը կազմակեորպել մինչեւ Ֆրանսիայի Հանրապետույթան Նախագահի այցը: Նա նշել է, որ այն հնարավորություն կտա առավել մանրամասն քննարկելու եւ նախանշելու գյուղատնտեսության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ուղղությունները, որոնք կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության  եւ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահների հանդիպման օրակարգում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ խոստացել սեղմ ժամանակահատվածում ներկայացնել առաջարկություն՝ այցի հնարավոր ժամկետների եւ նախատեսվող հանդիպումների վերաբերյալ:

Դեսպանը հետաքրքրվել է նաեւ Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպությանը (OIV) ՀՀ անդամակցության գործընթացով, ինչին ի պատասխան՝  նախարարը հայտնել է, որ փաստաթուղթը գտնվում է ՀՀ ներպետական ընթացակարգերի փուլում եւ անդամակցության հայտը շուտով կներկայացվի կազմակերպության գլխավոր տնօրենին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի դեռեւս անցյալ տարվա  առաջարկին ի պատասխան՝  դեսպան Ռենոն առաջարկել է աշնանը Հայաստանում կազմակերպել սեմինար` գյուղատնտեսության զարգացման ֆրանսիական մոդելն ըստ զարգացման փուլերի ներկայացնելու, մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել այդ միջոցառմանը հրավիրել նաեւ Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am