Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում 2 տարեկան տղան ցած է ընկել 10-րդ հարկից եւ կենդանի մնացել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Իրավապահների խոսքով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել ցերեկը ժամը 15-ի սահմաններում, բազմահարկ շենքերից մեկում:
Փոքրիկը մոր հետ եղել է նույն սենյակում եւ երբ մայրը մի պահ այլ գործով է զբաղվել, տղան բարձրացել է պատուհանագոգին եւ ցած ընկել բաց պատուհանից:
Տղայի բախտն ուղղակի բերել է, քանի որ նա ընկել է խորը ձնակույտի մեջ: Դեպքի վայր ժամանած բժիշկները երեխային շտապ տեղափոխել են հիվանդանոց:
Ներկայումս երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքի առթիվ ոստիկանությունում ստուգում է իրականացվում:




























