Մայրաքաղաքում ավտոկայանումների համար որոշ անձանց կողմից ապօրինի գումարների գանձման դեպքերի հետ կապված հսկողությունը կխստացվի: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 10-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
«Մենք պետք է լինենք շատ ավելի խիստ եւ հետեւողական: Անընդունելի է, որ մեր համաքաղաքացիները, վճարելով տարեկան կամ որոշակի տուրք վճարովի ավտոկայանատեղիների համար, միաժամանակ մայրաքաղաքի որոշ փողոցներում լրացուցիչ գումարներ են վճարում ինչ-որ անձանց: Վճարովի ավտոկայանտեղիներում ապօրինի գումար գանձողների վերաբերյալ ստացված բոլոր տվյալները պետք է ուղարկել ոչ միայն ոստիկանություն, այլեւ դատախազություն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:




























