Սիրիայի բանակի եւ զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ Համա նահանգի Մաան ավանում «Ջեբհատ ան Նուսրա» խմբավորման զինյալների գործողությունների զոհ է դարձել 42 մարդ՝ կանայք, երեխաներ եւ ծերեր:
Բարձրագույն հրամանատարության հայտարարությունում ասվում է, որ ավանը հարձակման է ենթարկվել իսլամիստ ահաբեկիչների մեծ խմբի կողմից, որոնք խաղաղ բնակչության դեմ տարբեր տեսակի զենքեր են կիրառել: Նրանք կողոպտել եւ գյուղացիներին, այրել նրանց տները՝ ստիպելով փախչել, հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Հրամանատարությունն ընդգծել է, որ «այդ ահաբեկիչները տարբեր օտար երկրների գործակալներ են, եւ նմանատիպ հանցագործություններն անպատիժ չեն մնա»:
Սիրիայի ընդդիմության զինյալները հերթական ջարդը կազմակերպել են ժնեւյան բանակցությունների նոր փուլից (փետրվարի 10-ին) առաջ:
Հանդիպումն արդեն կայացել է, որի սկզբում պատվիրակությունը հայտարարության նախագիծ է ներկայացրել, որը դատապարտում է տեղի ունեցած ջարդը եւ կոչ անում ՄԱԿ-ին նույնպես դատապարտել այդ հանցագործությունը:




























