Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր՝ փետրվարի 10-ին, կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հաստատվել են ԱՆ կենտրոնական ապարատի եւ առանձնացված ստորաբաժանումների հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը։ Նախարարին  կներկայացվեն 2013թ. կատարված աշխատանքները, ինչպես նաեւ 2014թ. ծրագրերը։

«Այն ստորաբաժանումները, որոնք 2013թ. հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնություններով, իրենց առջեւ դրված ծրագրերն արդյունավետ են իրականացրել, անշուշտ, կխրախուսվեն, իսկ իրենց պարտականությունները թերի կատարողները կենթարկվեն համարժեք պատասխանատվության»,-ընդգծել է Դերենիկ Դումանյանը։

Հաստատվել է նաեւ նախարարին կից կոլեգիայի նիստերի ժամանակացույցը։  2014-ին եւս կոլեգիայում կքննարկվեն համակարգի առանձին ոլորտներին վերաբերող արդի խնդիրները։ Օրակարգային թեմաները հաստատվել են ինչպես կոլեգիայի անդամների, այնպես էլ առողջապահության մարզային կազմակերպիչների առաջարկները հաշվի առնելով։ Միաժամանակ ամփոփվում է անցած տարի կայացած կոլեգիայի նիստերում քննարկված հարցերի առթիվ ընդունված որոշումների կատարման ընթացքը։