Հայաստանը կշեռքի նժարին չի դնում արտաքին գործընկերների հետ համագործակցությունը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 11-ին կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ խոսելով Ստրասբուրգում փետրվարի 5-6-ին կայացած Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի մասին:
Նրա խոսքով, Հայաստանը շարունակում է հարաբերություններ կառուցել ԵՄ-ի հետ առաջին հերթին ընդհանուր արժեքների վրա: «Հայաստանը շարունակելու է առավելագույն կերպով ներգրավվել ԵՄ հետ հարաբերություններում: Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել այն, ինչ ասել եմ Ստրասբուրգում: Քաղաքական ղեկավարության մակարդակով Հայաստանը երբեք չի հայտարարել, թե պատրաստ է զարգացնել իր հարաբերություններն այս կամ այն ուժային բեւեռի հետ՝ ի հաշիվ Ռուսաստանի հետ հարաբերությունների: Հայաստանը նախկինում երբեք չի բացառել Եվրասիական տարածքի հետ ինտեգրումն ու Մաքսային միությանն անդամակցությունը: Իսկ Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն, Եվրահանձնաժողովի անունից հայտարարել են, թե ԵՄ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխան ընտրությանն ու պատրաստ են շարունակել առավել սերտ քաղաքական հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Ֆարմանյանը:




























