Հայաստանի ԱԺ պատվիրակությունը պետք է նոր օրակարգ ձեւավորի ԵՄ պատգամավորների հետ: Այս մասին հայտարարել է ՀՅ Դաշնակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ փետրվարի 5-6 Ստրասբուրգում Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքում այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք ցանկանում ենք նոր օրակարգ ձեւավորել, որը չի հակասի ԵՄ հետ մեր նոր հարաբերություներին: Չմոռանանք, որ նախկինում մենք ունեինք Եվրախորհրդարանի բանաձեւը, որտեղ Ղարաբաղի հարցում հայամետ ձեւակերպումներ կային»,-ընդգծել է Վարդանյանը: Իսկ դրան ավելացել է նաեւ այն, որ Հայաստանի ու ԵՄ պատգամավորները համատեղ հայտարարություն չեն ստորագրել: «Իհարկե, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ պատճառները կարող էին տարբեր լինել: Սակայն մի բան կհիշվի, որ Հայաստանն առաջին անգամ ԵՄ հետ միջխորհրդարանական ձեւաչափում հայտարարություն չի ստորագրել: Եվ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մեր երկիրը ցանկություն է հայտնել անդամակցել Մաքսային միությանը»,-ընդգծել է Վարդանյանը:
Այդ համատեքստում նա հավելել է, որ պետք է եվրոպական գործընկերներին հասցնել Հայաստանի ու Մաքսային միության համագործակցության գաղափարը, որպեսզի չկորցնել եվրոպացի պատգամավոր-բարեկամներին:




























