ՀԱԿ պատգամավոր. ԵՄ-ն ավելի քիչ է Հայաստանին ընկալում որպես ինքնիշխան պետություն: Այդ մասին այսօր՝ փետրվարի 11-ին կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ստրասբուրգում փետրվարի 5-6-ին կայացած Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի մասին:
«Նման վերաբերմունքի հետեւանքները լիովին ակնհայտ են, այդ թվում նաեւ՝ ղարաբաղյան հակամարտության ընկալման առումով: Հայաստանն ընկալում են որպես ոչ անկախ պետություն, այլ որպես այլ պետության, կարեւոր չէ՝ Ռուսաստանի, թե ուրիշի, ֆորպոստ: Կարեւորն այն է, որ մեզ համարում են երկիր, որն ընդունակ չէ ինքնուրույն որոշումներ կայացնել»,- ասել է Փաշինյանը: Նրա խոսքով, այսօր Հայաստանը զարգացնում է հարաբերությունները մաքսային միության հետ՝ ի հաշիվ ԵՄ հետ հարաբերությունների: «Որքան լավ են առաջինները, այնքան փոքր է տարածքը երկրորդի համար»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով, հայկական պատվիրակությունը միտումնավոր համատեղ հայտարարություն չի ընդունել եվրապատգամավորների հետ: «Հայկական իշխանությունը չէր ուզում, որ հետո Մոսկվայի առջեւ բացատրվելու անհրաժեշտություն առաջանա: Իրականում բանակցությունները վարում էին ոչ թե պատգամավորները, այլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը»,- նկատել է Փաշինյանը:




























