Մտավախություն կա, որ Հայաստանը սկսելու է պատճենել Մաքսային միությունում քաղաքական բազմակածության նկատմամբ վերաբերմունքի վատ օրինակները: Այդ մասին այսօր՝ փետրվարի 11-ին կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Ստրասբուրգում փետրվարի 5-6-ին կայացած Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի մասին:

Նրա խոսքով, Հայաստանի համար դեռ վերջնականապես չի փակվել Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման դուռը: «Պետք է շարունակել աշխատել բոլոր ոլորտներում, որտեղ համագործակցությունը հնարավոր է, ներառյալ՝ Արեւելյան գործընկերության հարթակը, պայքարը կոռուպցիայի դեմ, ազնիվ կառավարման ներդրումը: Բայց այժմ էլ մեր եվրոպացի գործընկերների համար հստակ չէ, թե որ ոլորտներում նրանք կարող են շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ։ Եւ խորհրդարանական դիվանագիտությունն այստեղ պետք է ավելի ակտիվ լինի»,- հավելել է Մարուքյանը: