Հայաստանում շատացել են խարդախությունների դեպքերը, որոնք իրականացվել են հանրահայտ «Оդնօկլասնիկի.ռու» կայքէջի միջոցով: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, մասնավորապես, մայրաքաղաքի բնակիչ Ա. Հակոբյանը, որը ներկայումս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր է եւ այնտեղ է հայտնվել խարդախություն կատարելու համար, այդ դեպքից բացի՝ մի շարք խարդախություններ էլ կատարել է ինտերնետով:

Նա «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է տարբեր աղջիկների հետ, հետո ինտերնետային ամենօրյա շփումներն այնքան են «մտերմացրել» նրանց, որ Հակոբյանն իր վիրտուալ սիրուց ոգեւորված աղջիկներին խնդրել է լիցքավորել իր բջջային հեռախոսը: Պատճառաբանություններն ամեն անգամ այնքան «հիմնավոր» են եղել, որ դյուրահավատ աղջիկները, առանց երկար-բարակ մտածելու, օգնության ձեռք են մեկնել ինտերնետային ծանոթին: Մի դեպքում, օրինակ, «ծանոթուհիներից» մեկը 20 հազար դրամ է փոխանցել Հակոբյանի բջջային հեռախոսին, մեկ այլ դեպքում երեսուն հազարական դրամի լիցքավորում են կատարել երկու այլ աղջիկներ: Ինտերնետային մեկ այլ ծանոթուհի էլ, ում Հակոբյանը ներկայացել էր որպես գործարար, «բավարարել էր» նրա հարյուրդոլարանոց ախորժակը:

Ա. Հակոբյանն իր այս «ինտերնետային գործունեության» վերաբերյալ նույնպես խոստովանական ցուցմունքներ է տվել: