Պարզ չէ, թե ով է պատասխանատու Ուկրաինայից Հայաստան ներկրված ձվերի ժամկետանց լինելու համար, քանի որ օրենքի խախտում չի եղել: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկատվությանը, թե Հայաստան է ներկրվել ժամկետանց ձու:
«Սովրանո» ընկերությունը Հայաստան է ներմուծում ուկրաինական ձվեր, որոնք չեն համապատասխանում մեր օրենքներին: Մեր կանոնակարգը սահմանում է սեղանի ձու եւ դիետիկ ձու, իսկ պահպանման ժամկետը 25 օր է, որից հետո այդ ձուն դառնում է ոչ պիտանի: Մինչդեռ Ուկրաինայի Հանրապետությունը թույլ է տալիս այդ ձվերը պահպանել մինչեւ 60 օր: Մեզ համար սա սխալ մակնշման ապրանք է: Հայաստան մտնելիս եղել է նախապայման, որ մեզ մոտ կրկնապիտակ լինի ժամկետի մասին, իսկ «Սովրանոն» խախտում է պայմանը եւ առանց կրկնապիտակի մտցնում իրացման ցանց»,- ասաց նա:
Նշենք, որ մամուլի հրապարակումից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է անցկացրել իրացման ցանցում եւ ժամկետանց ապրանքը դուրս բերել:
«Այստեղ էլ տուժում է փոքր բիզնեսը, որը ձեռք էր բերել այս ձվերը: Ստացվում է՝ օրենքը խախտում է մեծը, իսկ տուժում է փոքր բիզնեսը»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով՝ այս պահին շուկայում դեռ ձվերի խմբաքանակ կա, որի պիտանելիության 25 օրը դեռ չի լրացել. «Կարող եմ հավաստիացնել, որ ներկրման պահին ձվերը եղել են պիտանելիության մեջ»:



























