Հարկադիր պարապուրդի մատնված եւ արդեն 15 ամսվա աշխատավարձային պարտքեր կուտակած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պատրաստ են ամեն օր գնալ կառավարության մոտ, նստացույց անել, անգամ հացադուլ, մինչեւ իրենց խնդրին լուծում չտրվի։ Այս մասին նրանք փետրվարի 12-ին հայտարարեցին կառավարության շենքի մոտ, որտեղ հերթական անգամ հավաքվել են՝ պահանջելու իրենց աշխատավարձերը եւ որոշակի պատասխան՝ գործարանի ճակատագրի վերաբերյալ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարների թիվը գնալով ավելանում է։ Բողոքի ակցիան հսկող մեծ թվով ոստիկաններ կան, որոնք պատ են կազմել կառավարության մուտքի մոտ, թեեւ ոչ ոք չի փորձում շենքին մոտենալ։

Քիչ առաջ նրանց մոտեցավ ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Նա փորձում էր համոզել ցուցարարներին գնալ ու խոսել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ, սակայն հավաքվածները մերժեցին՝ ասելով, որ իրենք նախարարի հետ խսելու բան չունեն։

«Նախորդ անգամ, երբ մեզ մեկ ամսվա աշխատավարձ տվեցին, Մովսիսյանն ասաց, որ՝ էլ ինձ չդիմեք, ինձանից աշխատավարձ չուզեք, դրա համար անիմաստ ենք համարում, էլ իր մոտ չենք գնալու։ Մենք ուզում ենք որոշակիությոն, հստակ իմանանք, ինչ է լինելու»,- ասաց գործարանի աշխատակից Տիգրան Մինասյանը։

Ցուցարարները կանգնած մնացին կառավարության մոտ՝ վանկարկելով «վարչապետ» «պատասխան տուր»։

Քիչ անց, այնուամենայնիվ, նրանք որոշեցին 7-8 հոգով գնալ՝ հանդիպելու Մովսիսյանի հետ, բայց զգուշացրեցին, որ եթե նախարարն իրենց հստակ պատասխան չտա, վերադառնալու են ու պահանջելու են հանդիպում վարչապետ Տիգրան Սարևգսյանի հետ, ու եթե կրկին իրենց ոչ ոք չընդունի, գնալու են նախագահական նստավայր։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am