Հայաստանը չի կարող արգելել թուրքական ապրանքների ներմուծումը, սակայն կարող է խիստ ստուգման ենթարկել: Այս մասին փետրվարի 12-ին լրագրողներին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը:
Վերստին ընդգծելով, որ Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումն արգելված չէ, նա նշել է, որ ճիշտ չի համարում սպառնալիքների վերաբերյալ ենթադրություններ անելը: «Ըստ ՀՀ կառավարության N1442 որոշման՝ ապրանքները լաբորատոր փարձաքննություն են անցնում եւ ունեն համապատասխան փաստաթղթղեր», - պարզաբանել է Դանիելյանը: Ըստ նրա՝ Հայաստանը, ինչպես եւ Թուրքիան, լինելով ԱՀԿ-ի անդամ, որեւէ երկրից ներմուծման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծի: «Սակայն ստուգել մենք կարող ենք, եւ այժմ մենք ավելի խիստ ենք ստուգում, քան նախկինում», - նշել է Դանիելյանը:
Նշենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի ապրանքաշրջանառությունը 2013թ. կազմել է 212,4 միլիոն դոլար կամ Հայաստանի ողջ ապրանքաշրջանառության 3,6%-ը:



























