ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է արտասահմանցի աշխատակիցների աշխատանքի ընդունման կարգը կանոնակարգող օրինագիծը:

Օրինագծի համաձայն՝ աշխատանքային օրենսգիրքը լրացվում է նոր հոդվածով, որով, մասնավորապես, ամրագրվում է, որ  արտասահմանցի աշխատողները աշխատանքային պայմանագիր կնքելիս պարտադիր պետք է բժշկական ապահովագրության թուղթ ներկայացնեն՝ բացառությամբ այն դեպքերի, եթե բուժծառայությունները արտասահմանցուն տրամադրվում են գործատուի հաշվին:

Գործատուն իրավունք կունենա աշխատանքից հեռացնել արտասահմանցի աշխատակցին՝ վերջինիս բուժապահովագրության կամ աշխատանքի թույլտվության ժամկետն ավարտվելուց հետո, եթե նոր փաստաթղթերը չձեւակերպվեն մեկ ամսվա ընթացքում:

Օրինագծում նաեւ նշված է «օտարերկրյա քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագրում աշխատանքի, ժամանակավոր բնակվելու թույլտվության վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ընդգրկելու» անհրաժեշտությունը:

Նշենք, որ Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության եւ վետերանների հարցերով հանձնաժողովը կողմ   է  ներգաղթյալների համար ոչ թե կամավոր, այլ պարտադիր բժշկական ապահովագրություն կիրառելուն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: