Թուրքիայում ներքին գործընթացները միանշանակ ցույց են տալիս, որ այս տարի նրա համար լարված է լինելու: Այս մասին այսօր կայացած մամուլիս ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ դա կապված է Գյուլեն-Էրդողան հակամարտության, մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ու օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հետ:

Սաֆրաստյանն ընդգծել է, որ այժմ Էրդողանի համար առաջնային է ներքին քաղաքականությունը, սակայն այդ երկրի համար կարեւոր է նաեւ արտաքին քաղաքականությունը: «Ու եթե երկրի ղեկավարը չի կարողանում արտաքին քաղաքականություն ու դիվանագիտություն վարել, դա բացասաբար է ազդում Էրդողանի եւ իշխող կուսակցության վարկանիշի»,-ընդգծել է Սաֆրաստյանը:

«Թուրքիայի արկածախնդիր քաղաքականությունը, որը նա վարել է Մերձավոր Արեւելքում, մասնավորապես, Սիրիայում, բավական ծանր հետեւանքներ է ունեցել Անկարայի համար: Թուրքիայի դիրքերը թուլացել են արաբական երկրներում, այդ թվում Եգիպտոսում»,-ասել է նա: