Թուրքական դատարանի կողմից 2 տարի ազատազրկման դատապարտված ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանը 7-օրյա արձակուրդն անցկացնելուց հետո վերադարձել է բանտ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Իզմիրի Թորբալըի բանտում իր պատիժը կրող ստամբուլահայ Սեւան Նիշանյանին բանտի ղեկավարությունը լավ վարքի համար 7-օրյա արձակուրդ էր տրամադրել։ Փետրվարի 11-ի երեկոյան Սեւան Նիշանյանը 7-օրյա արձակուրդի ավարտից հետո վերադարձել է բանտ։
Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի վերջին վճռաբեկ դատարանը հաստատել էր դեռեւս 2008-ին Իզմիրի Սելչուքի շրջանի քաղաքացիական գործերով դատարանի կայացրած վճիռը Սեւան Նիշանյանի նկատմամբ:
Սեւան Նիշանյանը բանտում անցկացնելու է 2 տարի՝ անօրինական շինարարություն իրականացնելու համար:
Նշենք, որ Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։


























