Հայաստանի իշխանությունը մարդկանց գրպանին խփել է մարդկանց համար: Այս մասին այսօր` փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

«Այնպես ենք արել, որ մարդը պետության բյուջեի եւ իր խնայումների շնորհիվ ապահովի իր բարեկեցիկ ծերությունը: Ինչո՞ւ հարց չեք բարձրացնում` ինչպես կարելի է քառասուն հազար դրամով թոշակառուն ապրի»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով` կենսաթոշակը բարձրացնելու համար իրենք ունեին միայն մի տարբերակ` բարձրացնել հարկերը. «Իհարկե, դա ոչ մեկին դուր չէր գա, դրա համար որոշեցինք այս տարբերակը»:

Լրագրողի հարցին` ինչու պատգամավորը չի օգտվում կուտակային այս համակարգից, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Ես կամավոր չեմ ընտրել, որովհետեւ ես էլ ձեզ նման քաղաքացի եմ, կա թոշակի մասին տառապելու մտածելակերպ, ես դեռեւս չեմ մտածել իմ կենսաթոշակի մասին: Հենց դառնամ 63 տարեկան ու ստանամ 40 հազար դրամ, այ էդ ժամանակ կփոշմանեմ, որ ժամանակին չեմ մտածել»:

ԱԺ պատգամավորը կարծում է, որ կուտակային կենսաթոշակային նոր համակարգը բարեփոխում է, որը միայն օգուտ է ՀՀ քաղաքացիների համար. «Չեն կարող բոլոր մարդիկ լինեն հավասար` անկախ այն բանից ինքը որտեղ է աշխատել: Դրա համար ենք ներդրել այս ռեֆորմը»:

Հիշեցնենք , որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: