Նոր Նորքի 9-րդ զանգվածից Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց եւ Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկ հասնող 63 համարի երթուղին, որի վարորդներն օրեր առաջ NEWS.am-ին դժգոհել էին, թե «վերեւներից իրենց թույլ չեն տալիս երթեւեկել Մաշտոցի պողոտայով», պատկանում է «Քինգ դելյուքս» ընկերությանը, որն էլ պատրաստվում է հրաժարվել երթուղուց: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը (հայտնի է «Պալաչ» մականվամբ), ով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկն է եւ հայտնի է վերջինիս հետ ունեցած վատ հարաբերություններով:
«Այո, գիծն ինձ է պատկանում, բայց մտադրություն ունեմ հրաժարվելու, որովհետեւ նման գնով ձեռ չի տալիս երթուղին Երեւան քաղաքում: Եթե տրանսպորտի սակագինը չբարձրանա, կփակեմ երթուղին: Կարող ա մի 3 ամիս սպասեմ, բայց ոչ ավել»,- ասաց նա:
Նշենք, որ 63 համարը երթուղին փոխել է փետրվարի 1-ից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասել էին, որ «վերեւից» թույլ չեն տալիս սպասարկել Օպերա, Մաշտոցի պողոտա հատվածները, ինչպես նաեւ Շենգավիթ վարչական շրջանը: Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ գծատերը հրաժարվում է սպասարկել երթուղին:
Արթուր Հարությունյանի խոսքով՝ այսօր շատ գծատերեր սպասում են ուղեվարձի թանկացմանը, հակառակ դեպքում շատ երթուղիներ կփակվեն. «Ես լացող տղա չեմ, բայց համենայն դեպս էսպես արդար չի: Ժողովրդին էլ ենք հասկանում, մեղադրելու չի, բայց մեզ էլ մեղադրելու չի, էնպես որ մեկս մեկով, մի քիչ մենք ենք նեղվելու, մի քիչ իրանք: Ապրենք, տեսնենք՝ երբ կլավանա մարդկանց սոցիալական վիճակը»:
63 համարի երթուղին ունի «Բոգդան» մակնիշի 18 ավտոբուս, որից ընդամենը 7-ն է շահագործվում: «Վարորդները չեն գալիս, վարորդ չկա, որովհետեւ վարորդը փող չի առնում: Ինքն էլ ա մարդ, ինքն էլ իր տունը պիտի պահի»,- ասաց Արթուր Հարությունյանը:
Մեզ հետ զրույցում վարորդներից մեկը հայտնեց, որ երթուղու փոխվելուց հետո շատերը հեռացան, քանի որ այլեւս ձեռնտու չէ:
Նշենք, որ 63 համարի երթուղային գիծը շահագործվել է ընդամենը մի քանի ամիս առաջ: «Բոգդան» մակնիշի դեղին ավտոբուսները երթեւեկում են հետեւյալ փողոցներով. Նոր Նորքի 9-րդ զ-ծ - Վիլնյուսի - Ավետիսյան - Դ. Բեկի - Բ. Մուրադյան փող-ներ - Գայի - Մյասնիկյան պող-ներ - Աբովյան պուրակ - Աբովյան - Խանջյան - Տիգրան Մեծի պող. - Քրիստափորի փող. - Արշակունյաց պող.:
Հիշեցնենք, որ «Քինգ Դելյուքս» ընկերությունը սպասարկում է նաեւ Երեւան-Աբովյան երթուղին:




























