2014 թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը շարունակում է ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում հայտնաբերված խորքային ապօրինի հորերի լուծարման եւ կոնսերվացման աշխատանքները: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ այսօր հրավիրվել էր խնդրի առնչությամբ հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ ամփոփվել են 2013 թ. դեկտեմբերին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ սկսված ՀՀ Արմավիրի եւ Արարատի մարզերում համայնքային նշանակության խորքային հորերի հաշվառման աշխատանքների ընթացքը եւ նախանշվել հետագա գործընթացի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները:
Հայտնաբերված ապօրինի խորքային հորերն դասակարգվում են ըստ ջրօգտագործման նպատակի /ոռոգում, կենցաղային, ձկնաբուծական/՝ լուծարման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, համայնքների բնակչության կենցաղային ու գյուղատնտեսական պահանջները հաշվի առնելու եւ դրանք ճշգրիտ գնահատելու նպատակով: Խորհրդակցությանը ներկայացվել է, որ ավարտվել են աշխատանքները Արարատի մարզում, իսկ Արմավիրի մարզում այն գտնվում է ավարտման փուլում:
Նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել է եռօրյա ժամկետում ամփոփել Արարատի մարզում կատարված աշխատանքների արդյունքները եւ սեղմ ժամկետում ավարտել նաեւ Արմավիրի մարզի համայնքներում իրականացվող ուսումնասիրությունները: Նաեւ հանձնարարվել է խստացնել, առավել թափանցիկ դարձնել ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացը եւ դրանց ընթացքի վերաբերյալ զեկուցել շաբաթական կտրվածքով:


























