Հայաստանի իշխող քաղաքական մեծամասնությունը արդեն հայտարարել է, որ երբ երկիրն անդամակցի Մաքսային միությանը, Վրաստանի հետ տնտեսական հարաբերություններում ոչինչ չի փոխվի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը պետք է այնպես մանեւրի, որ խնդիրներ չունենա Վրաստանի հետ: Այվազյանը նաեւ հավելել է, որ Հայաստանում կազմակերպվելու են լսումներ՝ կապված ՄՄ-ին անդամակցելու գործընթացում ծագող խնդիրների հետ: Միջազգային փորձագետները եւս դրանց կազմակերպման հարցում աջակցություն կցուցաբերեն:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի երեքին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած այցելության ժամանակ հայտարարել էր, որ երկիրը մտադիր է անդամակցել ՄՄ-ին, ինչի արդյունքում ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը չի նախաստորագրվել:



























