5 տարվա ընթացքում Սեւանի մակարդակի բարձրացումից հրաժարվելը կհանգեցնի բնապահպանական բացասական հետեւանքների. լճին ճահճացում է սպառնում: Այս մասին փետրվարի 18-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Սեւան» ազգային պարկի նախկին տնօրեն, բնապահպան Գագիկ Սուխուդյանը:
Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ էլ Սեւանի վիճակն օրհասական է: «Կառավարությունը որոշել է լճից հավելյալ 70 մլն խմ ջուր բաց թողնել՝ այդկերպ խախտելով Սեւանի մասին օրենքը, որտեղ նշված է, որ տարեկան 170 մլն խմ-ից ավելի չի կարելի բաց թողնել: Ստացվում է, որ Կառավարության որոշմամբ ամեն տարի բաց կթողնվի 240 մլն խմ ջուր: Այս որոշումը կներկայացվի ԱԺ հաստատմանը եւ կգործի ոչ թե 1, այլ հինգ տարի», - նշել է բնապահպանը:
Գագիկ Սուխուդյանի խոսքով՝ քանի որ Արփա-Սեւան ջրանցքը վերանորոգվում է, իսկ Սպանդարյան ջրամբարի ջուրը չի օգտագործվում, Սեւանի ջուրը 35 սմ կիջնի:
«Կառավարությունը եւ Ջրային տնտեսության կոմիտեն հիմնավորում են, որ Արարատյան դաշտավայրի 8000 տնտեսություններ ոռոգման ջուր չունեն: Սակայն Սեւանի մեղքով չեն գյուղացիներն անջուր մնացել, այլ խորքային հորերի, որոնք օգտագործվում են ձկնաբուծության համար», - նկատել է բնապահպանը:



























