Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2013թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման եւ վերլուծության արդյունքները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, թե ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Ավան եւ Դավթաշեն վարչական շրջանները: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արաբկիր, իսկ երրորդը՝ Էրեբունի վարչական շրջանը: 2013թ. ամփոփիչ գնահատման եւ վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Կենտրոն վարչական շրջանը:
Անդրադառնալով գնահատման եւ վերլուծության արդյունքներով բարձր ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների կատարած աշխատանքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գոհունակություն հայտնելով հետեւողական աշխատանքի համար, այդուամենայնիվ հորդորել է չբավարարվել ձեռքբերածով՝ հատկապես հաշվի առնելով, որ անելիքներ դեռ շատ կան, եւ պետք է առավել հետեւողական աշխատանք տանել ցուցանիշներն էլ ավելի բարելավելու ուղղությամբ: Իսկ ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետեւողական ու կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումները. «Մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելով՝ մենք յուրաքանչյուր տարի պետք է գերազանցենք քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքները: Համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջիկա տարիների ընթացքում մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք խոստացել ենք երեւանցիներին: Մեր համաքաղաքացիների սպասելիքներն, անշուշտ, ավելի մեծ են, եւ մենք իրավունք չունենք նրանց հուսախաբ անելու: Իսկ համեմատաբար վատ ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին կհորդորեմ վերանայել իրենց աշխատակազմերի աշխատանքն ու խստորեն հետեւել ըստ ոլորտների իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:
Անդրադառնալով տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարեւորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետեւողական աշխատանքը՝ հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է:
Տարոն Մարգարյանը նաեւ նկատել է, որ վերոնշյալ գնահատումից բացի, վարչական շրջաններ կատարած պարբերական աշխատանքային այցերի շրջանակում է անձամբ հնարավորություն ունենում հենց տեղում տեսնելու եւ գնահատելու արվածն ու, ըստ այդմ, հանձնարարել է առավել հետեւողական լինել տարեկան ծրագրերով նախանշված աշխատանքների սահմանված ժամանակացույցով եւ որակով կատարման ապահովմանը:



























