Սեւանա լիճը պետք է դիտարկվի որպես Հայաստանի խմելու ջրի անսպառ աղբյուր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Սեւան» ազգային պարկի նախկին տնօրեն, բնապահպան Գագիկ Սուխուդյանը:
Ըստ նրա՝ «Հայկական բերքի աջակցության կենտրոնի» պիլոտային ծրագրի շրջանակներում լճում արհեստականորեն ստեղծվելու է խոշոր ձկնարտադրող տնտեսությունը: «Դա անթույլատրելի է, քանի որ մենք առաջարկել ենք փորձարկումներ չանել Սեւանում; Դրա համար գոյություն ունեն մի շարք արհեստական ջրամբարներ: Արհեստական կերերը կարող են աղտոտել լճի խմելու ջուրը»,-կարծիք է հայտնել բնապահպանը:
«Սեւանի խմելու ջրի շնորհիվ մենք կարող ենք տարածաշրջանում առանցքային դեր խաղալ, քանի որ տաս-տասնհինգ տարի անց խմելու ջուրը ոսկու գին է ունենալու»,-ընդգծել է նա:



























