Մելիք գյուղի բնակիչներին աջակցող բնապահպանները փետրվարի 17-ին Բնապահպանության նախարարին եւ Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել բնակիչների ստորագրություններով դիմումը, որով պահանջում են չեղյալ համարել գյուղին մոտ գտնվող «Թուխմանուկի» ոսկու  հանքի երրորդ պոչամբարի  կառուցման նախագծի շուրջ փետրվարի 10-ի երեւանյան հասարակական լսումները եւ Մելիք գյուղում բնակիչների մասնակցությամբ նոր հանրային քննարկում անցկացնել: Այս մասին փետրվարի 18-ին NEWS.am-ին ասաց «Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը։

Դիմումի մեջ բնապահպանները նշել են, որ հանքը շահագործող «Մեգո Գոլդ» ՍՊԸ տնօրինությունը եւ Մելիք գյուղի գյուղապետը խախտել են գյուղացիների իրավունքները:

«Ընկերությունը եւ լիազոր մարմինը խախտել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերը եւ ժամկետները, համայնքին պատշաճ կարգով չեն տեղեկացրել հանրային լսումների անցկացման վերաբերյալ՝ խախտելով համայնքի բնակիչների իրավունքը՝ իրենց շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու եւ որոշումների կայացմանը մասնակցելու վերաբերյալ»,- ասաց բնապահպանը:

Միեւնույն ժամանակ, Մելիք համայնքի ղեկավարը, ըստ բնապահպանների, խախտել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի այն կետը, որով համայնքի ղեկավարը պարտավորվում է մատչելի եւ հարմար վայրերում ապահովել համայնքի բնակիչների իրազեկումն եւ մասնակցությունը քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների հանրային լսումներին կամ քննարկումներին։

Բնապահպանները նաեւ Մելիք գյուղի ղեկավար Հակոբ Մկրտչյանից պահանջել են տեղեկատվություն տրամադրել նրա վերաբերյալ, թե ինչպես են ծախսվել 2006-ից հետո համայնքի բյուջեին «Մեգո Գոլդ» ընկերության փոխանցած 45 միլիոն 600 հազար ՀՀ դրամ գումարը:

Հիշեցնենք, որ Մելիք գյուղի բնակիչները դեմ են ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերության՝ երրորդ պոչամբար կառուցելու ծրագրին, քանի որ այն բնապահպանական աղետի առջեւ կկանգնեցնի գյուղը, որն առանց այն էլ շատ է տուժել նախորդ երկու պոչամբարներից. գյուղում ավելացել է անոմալ ծնունդների թիվը,  ծնելիությունը նվազել է։