Այսօր մեր խնդիրն է հնարավորինս մեղմել շինարարության ոլորտի տնտեսական նվազման միտումը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը՝ անդրադառնալով շինարարության ցուցանիշների նվազման խնդրին:

Ըստ նրա` 2008 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո շինարարության ոլորտում նվազում է արձանագրվել ոչ միայն Հայաստանում, այլ ԱՊՀ երկրներում, զարգացած ու զարգացող երկրներում: «Այս ուղղությամբ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներառված են տարբեր գերատեսչություններից մասնագետներ: Պատրաստում ենք փաթեթ, որում ներկայացված են հետագա միջոցառումների ցանկը: Առաջիկայում այն կներկայացվի»,- ասել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ 2013-ին բնակչության կողմից իրականացված շինարարության ոլորտում արձանագրվել է 12,4 տոկոս աճ: Ս. Թադեւոսյանի խոսքով՝ շինարարության ոլորտում այս տարի կանխատեսում են 4-5 տոկոս աճ:

2013 թվականի գերակա խնդիրներից նախարար Սամվել Թադեւոսյանն առանձնացրել է Հանրապետության շենք - շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման գործընթացը: Այդ նպատակով 2013 թվականին գույքագրման եղանակով հավաքագրվել, վերլուծվել, մշակվել եւ համակարգչային ծրագիր են մուտքագրվել 2000 բնակելի եւ հասարակական նշանակության շենքերի վերաբերյալ անձնագրային տեխնիկական տվյալներ:

Սկսած 2012 թվականից ընդհանուր առմամբ համակարգչային ծրագիր են մուտքագրվել 3520 շենքերի վերաբերյալ տվյալներ: Տվյալներն ափոփվել եւ ներկայացվել են կառավարություն: ՀՀ կառավարության 2013 թ. ապրիլի 4-ի որոշմամբ մեկնարկել է շինարարական առաջնահերթ նորմերի մշակումը: Ստեղծված աշխատանքային խումբը քննարկումների արդյունքում` ցանկում ընդգրկած շուրջ 80 շինարարական նորմերից առավել առաջնահերթ է համարել 8 շինարարական նորմերի մշակումը: Այս տարի նախատեսվում է մշակել 9 շինարարական նորմեր: Այս 2 գերակա խնդիրների լուծումը շարունակական գործընթաց է, ուստի երկու խնդիրներն էլ 2014 թվականին եւս ՀՀ կառավարության կողմից հաստատվել են որպես ոլորտի գերակա խնդիր: