Ռուսաստանը հետաքրքրվում է հայկական «Մասիս» ֆիրմայի կոշիկներով, որոնք հայտնի էին դեռեւս խորհրդային ժամանակներում: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա՝ չնայած որ ԽՍՀՄ փլուզումից հետո անցել է երկու տասնամյակ, «Մասիս» բրենդը հիշում են: «Հայաստանի կառավարությունը պետք է շարունակի ջանքերը՝ վերածնելու այդ բրենդը»,-ընդգծել է Սաֆարյանը:

Ըստ նրա՝ եթե Հայաստանում տարեկան սպառվում է մոտ  10 մլն զույգ կոշիկ, ապա հայկական կոշիկ կարող ընկերությունը լիովին կարող են իրենց վրա վերցնել այդ ծավալի գոնե կեսը: «Այժմ գրեթե ամբողջ կաշին, որն արտադրվում է մեր անասնաբուծությունից, արտահանվում է Թուրքիա: Եթե 300 հազար տոննան մնա երկրում, ապա դա մեր կոշիկի արտադրության համար հսկայական հումք կհանդիսանա»,-ընդգծել է նա: